Տեղեկության տրամադրումը մերժելու հիմքերը և կարգը
Տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե`
1) պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն.
2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը.
3) պարունակում է քրեական վարույթի` հրապարակման ոչ ենթակա տվյալներ.
4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք).
5) խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները:
Տեղեկատվություն տնօրինողը կարող է չպատասխանել բանավոր հարցմանը, եթե տվյալ պահին դա խոչընդոտում է տեղեկատվություն տնօրինողի հիմնական պարտականությունների կատարմանը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին` նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաև դրա բողոքարկման կարգը:
Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ: